ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ձորաղբյուրի Կանաչ ուսուցման կենտրոն

Կանաչ Ուսուցման կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին: Այն կայուն տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, մասնագետներին, հետազոտողներին և առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին առաջարկում է կրթական և խորհրդատվական ծառայություններ, փորձի փոխանակման լայն հնարարավորություններ։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված անհատներին և կազմակերպություններին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաների և բնապահպանական գաղափարների ներդրումն ու տարածումը, տուրիստական պոտենցիալի բացահայտումն ու օգտագործումը, համայնքային համաչափ զարգացումը, կանանց ու երիտասարդների տնտեսական հզորացումը: Սեփական օրինակով ցույց տալ հանրային և բիզնես ոլորտներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը։ Կանաչ ուսումնական կենտրոնում կազմակերպվում է Հայաստանում գյուղական կյանքի և ավանդույթների ամենամեծ բերքի փառատոնը։

Ֆերմերները կենտրոնում

Վերապատրաստումների միջոցով մենք տրամադրում ենք տեսական և գործնական գիտելիքներ՝ մեր շահառուներին և գործընկերներին տալով անհրաժեշտ գործիքներ օրգանական մշակաբույսերի արդյունավետ աճեցման, վերամշակման և իրացման վերաբերյալ։ Կենտրոնն ամբողջովին կահավորված և ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով դասընթացի մասնակիցներին հյուրընկալելու համար, որի ընթացքում նրանք ձեռք են բերում օրգանական, կայուն և խելամիտ գյուղատնտեսությանն առնչվող հմտություններ, գիտելիք ու կարողություններ։

Կայուն տնտեսություն

Գործնական վերապատրաստումների և փորձառական ցուցադրությունների անցկացման տարածքը կազմում է շուրջ 1,5 հա։ Այն ներառում է պտղատու այգի, տասնյակ առանձին վերամբարձ բանջարանոցներ, լիմոնարիում և փոքրիկ ծածկապատ բակ։ Ցուցադրության նպատակներով աճեցվում են հարյուր տեսակից ավել մշակաբույսեր՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները և մշակաբույսերի պահանջը հողի նկատմամբ։ Կանաչ կենտրոնում աճեցվում են ավանդական և ոչ ավանդական մշակաբույսեր՝ մրգատու ծառեր, բանջարեղեն, հատապտուղներ, կանաչեղեն, դեղաբույսեր և դեկորատիվ բույսեր: Տեղադրված է ոռոգման կաթիլային համակարգ, ինչպես նաև հակակարկտային ցանց և այլ միջոցներ, որոնք էլ ավելի են բարձրացնում ԿԱՆԱՉ տնտեսության արդյունավետությունը։

Կենտրոնի տարածք, բույսեր

Կիրառվում են խառը ցանքի, մշակաբույսերի հերթափոխման, ցանքածածկի և ֆերմերներին դեռևս անծանոթ նոր կլիմակայուն և այլ արդյունավետ տեխնոլոգիաներ։ Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար օգտագործվում են միայն անվտանգ ու ոչ թունավոր միջոցներ։ Հողը պարարտացվում է միայն օրգանական պարարտանյութերով, որոնք հիմնականում պատրաստվում են տեղում։ Ստեղծվել են պարարտախառնուրդի (կոմպոստ) և կենսահումուսի արտադրման տարածքներ, որտեղ վերամշակվում են գյուղատնտեսական ու տնտեսության թափոնները։

Արևային վահանակներ

Գործում է արդյունավետ էներգահամակարգ՝ 40 կվտ հզորությամբ, որը համալրված է արևային ջրատաքացուցիչներով՝ մշտական տաք ջուր ապահովելու համար, ֆոտովոլտային վահանակներով՝ էլեկտրաէներգիայի սպառմանը աջակցելու համար և արևային չորանոցով՝ տեղում աճեցված տարատեսակ մրգերը և կանաչեղենը, թեյաբույսերն ու դեղաբույսերը չորացնելու և երկարաժամկետ պահպանության դնելու համար։

Կանաչ կենտրոնում իջևանելը

Ուսուցման կանաչ կենտրոնը գտնվում է Երևանից (Աբովյան պուրակից) մոտ 12 կմ հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի տարածքում։ Երևանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։
Կենտրոնի տարածքում տեղակայված երկհարկանի շենքի մակերեսը 320 մ² է և ունի 8 ննջասենյակ, որտեղ միաժամանակ կարող է գիշերել 16 մարդ (ուսուցանվող ֆերմերներ և/կամ ուսանողներ)։ Տարածքում կան նաև այլ փայտե շինություններ, որտեղ ևս կարող է գիշերել 10 մարդ։
Շենքը հարմարավետ է, հագեցած է ժամանակակից կահավորանքով՝ ներառյալ լոգարանները և խոհանոցը, որտեղ ամեն օր տեղում աճեցված բանջարեղենից թարմ և առողջարար ուտեստներ են պատրաստվում։ Շենքի առաջին հարկն օգտագործվում է նաև գյուղատնտեսական, բնապահպանական և հարակից բնագավառներին առնչվող այլ թեմաներով ներկայացումների ու աշխատաժողովների համար։

Լիմոնարիում

Ուսուցման կանաչ կենտրոնի Լիմոնարիումը, որը միաժամանակ միջոցառումների անցկացման վայր է, նախատեսված է նաև վարձակալության համար։ Եթե ցանկանում եք խորհրդաժողով, աշխատաժողով, արտագնա նիստ, տոնակատարություն կամ այլ միջոցառում կազմակերպել, ապա Լիմոնարիումի սրահը կարող է ընդունել 80 մարդ։ Հարակից՝ մոտ մեկ հա տարածքի վրա գտնվող շքեղ փայտյա տնակներով տարածքը, հարմարավետ վայր է փառատոնների կազմակերպման համար։ Մենք ունենք տարբեր փաթեթներ՝ ներառյալ ուտելիքի և ըմպելիքի մատուցումը։
Կանաչ ուսուցման կենտրոնում է կազմակերպվում ՀՀ ամենամեծ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը՝ Բերքի տոնը։

Ձեր այցը պլանավորելու համար կապվեք մեզ հետ

Այցելեք մեզ

Բանակի 18, Ձորաղբյուր, Կոտայքի մարզ, Հայաստան

Հովքի Կանաչ ուսուցման կենտրոն

2021թ-ին Ուսուցման Կանաչ կենտրոնը Տավուշի մարզի, Դիլիջան խոշորացված համայնքում հիմնադրեց իր առաջին մասնաճյուղը։ Կենտրոնը խելամիտ գյուղատնտեսության եզակի մոդել է, որն առաջարկում է գյուղատնտեսության, բնապահպանության և տուրիզմի ոլորտում կրթական, խորհրդատվական, փորձի փոխանակման, միջոցառումների կազմակերպման և այլ ծառայություններ՝ ոլորտով հետաքրքված անհատներին և կազմակերպություններին։

Կենտրոնի տարածքը բաղկացած է դասընթացների ու հյուրընկալության համար շինություններից, գիշերակացի համար նախատեսված փայտե տնակներից ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փորձա-ցուցադրական տնտեսությունից։

Գործունեության այս կարճ ժամանակաշրջանում կանանց, երիտասարդների, ֆերմերային խմբերի, տարբեր ՀԿ-ի անդամների և ծրագրերի շահառուների համար իրականացվել են բազմաթիվ դասընթացներ կայուն գյուղատնտեսության, ագրոտուրիզմի սոցիալական ձեռներեցության, ջերմոցային տնտեսության վերաբերյալ, ներառյալ շրջայցեր, փառատոններ ու փորձի փոխանակումներ:

Տնտեսությունը

Կենտրոնը շինությանը կից ունի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած օրգանական տնտեսություն, որտեղ աճեցվում են 150-ից ավել բանջարեղենի, կանաչեղենի, ոչ ավանդական մշակաբույսերի, տարբեր պտղատուների սորտեր: Այցելուները այցի ժամանակ կարող են ծանոթանալ հակակարկտային ցանցի, կաթիլային ոռոգման, անձրևացման, կոմպոստացման և այլ մեթոդների առավելություններին, կիրառությանը։ Բացի այդ կենտրոնում արտադրվում ու վաճառվում են աճեցված բույսերի, տարածաշրջանում հայտնի վայրի հավաքի բույսերի սերմերը, որի նպատակը նոր տեսակների տարածումն է ու սննդի մեջ կիրառությունը։

Իջևանելը

Կենտրոնի հեռավորությունը Երևանից՝ 120կմ, Դիլիջանից 22կմ, Իջևանից 10կմ, Վանաձորից 58կմ, Գյումրիից 120կմ է։ Կենտրոնի տարածքում միաժամանակ կարող է գիշերել 19 մարդ, որից 3 սենյակը ընտանեկան է /երեք անձի համար/, իսկ 10 հոգին կարող են գիշերել տարածքում գտնվող 5 փայտե հեքիաթային տնակներում։
Շենքը հարմարավետ է, հագեցած է ժամանակակից կահավորանքով՝ ներառյալ լոգարանը և խոհանոցը, որտեղ ամեն օր տեղում աճեցված օրգանական և ոչ ավանդական բանջարեղենից պատրաստվում են ուտեստներ։ Շենքի առաջին հարկը և տնակներին կից փայտյա շինությունը ծառայում է ուսուցումների, քննարկումների, աշխատաժողովների և կորպորատիվ միջոցառումների համար։

Ձեր հաջորդ միջոցառումն անցկացրեք ուսուցման Կանաչ կենտրոնում

Կենտրոնը, որը միաժամանակ թեմատիկ միջոցառումների անցկացման վայր է, նախատեսված է նաև վարձակալության համար։ Եթե ցանկանում եք Ձեր խորհրդաժողովը, աշխատաժողովը, արտագնա նիստը, թիմի ժողովը կամ այլ միջոցառում կազմակերպել բնության մոտ խաղաղ միջավայրում, ապա կենտրոնի դասընթացի սենյակը լավագույն տարբերակն է։ Կենտրոնում է կազմակերպվում ամենամայա դդմի տոնը: EVENT PAGE.

Ձեր այցը պլանավորելու համար կապվեք մեզ հետ

Այցելեք մեզ

Հովք, Տավուշ, Հայաստան

Ծանոթացեք մեր թիմին

Նունե
Սարուխանյան

Կայուն գյուղատնտեսության հիմնադիր, խորհրդատու

Նարինե
Ասատրյան


Տնօրեն

Ռամելա
Սիմոնյան


Ծրագրերի համակարգող

Մարիամ
Վարդանյան


Մարքեթինգի պատասխանատու

Վլադիմիր
Բալասանյան


Տուրիզմի պատասխանատու

Նոննա
Ալավերդյան


Գրաֆիկ դիզայներ, կայքի պատասխանատու

Shopping Cart