Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն

2017թ. սեպտեմբերի 16

Արդեն 4-րդ տարին շարունակ Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, անցկացնում է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»:

Ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից մասնակցելու են այս տարվա բերքի փառատոնին:

Բացման արարողությանը պաշտոնական ելույթով հանդես կգան փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր  Սվիտալսկին, Երևանի քաղաքապետի օգնական՝ Պրն. Դավիթ Օհանյանը,  Ավստրիական զարգացման գործակալության միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Պրն. Ռոբերտ Ցայները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՄԱԿ-ի Կանանց գրասենյակի Գենդերային հավասարության հինադրամի Եվրոպա-Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի վերլուծաբան Քեթրին Վոլֆը, և Վրաստանից Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի ղեկավար՝ Նանա Ջանաշիան:

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Այս ամենամյա փառատոնի միջոցով «Կանաչ արահետը» նպատակ ունի իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը: Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերները կբերեն սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի:

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին կցուցադրվի նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:

Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն. մասնակիցներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կանանց ֆերմերային խումբ, Լավագույն ձեռներեց և Լավագույն օրգանական արտադրող անվանակարգերում: Կլինեն նաև մրցանակային տոմսեր` օգտակար և թանկարժեք նվերներով (օրինակ, անվճար մուտք լողավազան, դեմքի խնամք, սնունդ և կեցություն հյուրանոցներում, ընթրիք ռեստորաններում և այլն): Բերքի փառատոնի ընթացքում տեղի է ունենալու բարեգործական վիճակահանություն: Մեր կողմից վաճառվում են 500 դրամ արժողությամբ տոմսեր, որոնք գրեթե բոլորն էլ շահում են: Գործընկեր կազմակերպություններն ունեն բազում թանկարժեք նվերներ ձեզ համար, իսկ հաջողակները դրանք շահում են վիճակահանության արդյունքում: Տոմսերի վաճառքից գոյացած հասույթը այս տարի կուղղվի հեռավոր մարզերի կին ֆերմերների տնտեսական հզորացմանը: Այս ամենով մենք նպատակ ենք հետապնդում ավելի հետաքրքիր և ուրախ դարձնել տոնակատարությունը:

Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

Փառատոնի հիմնական աջակիցներ են՝

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD[1] «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» (իրականացնողներ՝ UNDP և UNIDO), Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN), Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) Դրամաշնորհային ծրագիր (EU/ADA/OASI):

Փառատոնի մասնակից կազմակերպություններն են՝

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR), ՎորլդՎիժն Հայաստանի, OXFAM և OXYGEN կազմակերպությունների, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ԱՀԿՄԿ/ԱՈՒԿ) հիմնադրամի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ), VISTAA կազմակերպության, Ռազմա­վարա­կան Զարգացման Գործակալություն (ՌԶԳ) ՀԿ, Բերդի արջուկներ կազմակերպության, Էկլոֆ, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ, WWF Հայաստան, և այլ կազմակերպություններ: Այս բոլոր կազմակերպությունների  աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն կարողանում է կազմակերպել այս ամենամյա և յուրահատուկ միջոցառումը` գյուղական կյանքն ու բերքահավաքը տոնելու համար:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 16-ին` Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան): Մուտքն ազատ է: 

Միասին մենք կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ Հայաստանում` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը:

 

gtcՆպատակ