Հող

Փորձեք օգտագործել ավելի շատ օրգանական պարարտանյութեր կամ օրգանական մնացորդներ, օրինակ՝ կոմպոստ, հասունացած/քայքայված գոմաղբ, տորֆ, հարդ (ծղոտ), բակլազգի կերային (առվույտ, կորնգան, վիկ, երեքնուկ) կամ հատիկաընդեղեն (լոբի, սիսեռ, ոսպ, ոլոռ) մշակաբույսեր՝ չոր խոտի կամ կանաչ զանգվածի տեսքով, ինչպես նաև մոլախոտային խառնուրդ (մինչև սերմնակալման փուլը)՝ չոր կամ կանաչ վիճակում: Այս ամենն աշնանը կարելի է համատարած փռել հողի վրա, իսկ վեգետացիայի ընթացքում` միջբուսային տարածություններում:
Կրի անհրաժեշտության չափի որոշման ամենաարդյունավետ ձևը հողի փորձաքննությունն է (հողի անալիզը): Սակայն ներկայումս կան փոքր գործիքներ, որոնք մատչելի են և տնային պայմաններում հնարավոր է որոշել հողի թթվայնությունը: Կանաչ մամուռի առկայությունը դեռևս թթվության նշան չէ (չնայած խիստ թթվային հողերում ավելի հաճախ են պատահում): Ավելի հավանական է, որ ջրահեռացումը (դրենաժավորումը) լավ չի կատարվում կամ հողում սննդատարրերի պակաս կամ դրանց հարաբերակցության խնդիր կա:
Հատկապես օգտակար է օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, կենսահումուս, կոմպոստ, թռչնաղբ) պարատացումը և միկրոէլեմենտներով սնուցումը: Սակայն սկզբնական շրջանում /3-5 տերևի փուլում/ կարելի է պարարտացնել նաև ազոտական պարատանյութերով, կամ սերմերը ցանքից առաջ վարակել պալարաբակտերիաներով: Սակայն, բույսերի բուռն աճի ժամանակ պետք է դադարեցնել ազոտական պարարտանյութերով պարատացումը, քանի որ դրանց արմատների վրա առաջանում են պալարիկներ, որոնց մեջ գտնվում են ազոտ ֆիքսող բակտերիաներ, որոնք հողը հաստացնում են կենսաբանական ազոտով, որը ամբողջովին օգտագործվում է բույսերի կողմից:

Պտղաբուծություն

Սյունքի մարզի և լեռնային, և հատկապես նախալեռնային գոտում նպատակահարմար է բոլոր տեսակի հատապտուղների (առավել ևս ելակի) մշակությամբ զբաղվելը:

Սերմեր

Բակլազգիների սերմնաբուծության կազմակերպման համար շատ ավելի նպատակահարմար է միջբուսային և միջշարային տարածություններն ավելի մեծ վերցնել, քանի որ այդ դեպքում ոչ միայն մեծանում է բույսի սնման մակերեսը, այլև կարգավորվում է օդային ռեժիմը, որի դեպքում վնասատուներով և հիվանդություններով վարակվածության աստիճանը նվազում է: Այս դեպքում շատ կարևոր է և արդյունավետ, եթե կատարում եք անջատ բերքահավաք: Ընդ որում, առաջին և վերջին բերքահավաքից ստացված լոբու ունդերը նպատակահարմար չէ օգտագործել որպես սերմացու: Պարենի նպատակով մշակված լոբու բերքատվությունը (չոր հատիկի բերքը) կարող է հասնել 18-25 ց/հա՝ կախված սորտից և մշակության պայմաններից: Իսկ սերմի համար միանշանակ պետք է ընտրել լավագույն սերմերը: Այդ է պատճառը, որ սերմնարտադրության դեպքում բերքատվությունը սովորաբար ավելի ցածր է լինում: Պետք է հաշվի առնել նաև, որ բակլազգի մշակաբույսերը խիստ զգայուն են սնկային հիվանդությունների, հատկապես՝ ասկոխիտոզի նկատմամբ և, բնականաբար, նոսր ցանքերում ռիսկն ավելի փոքրանում է:

Խոշոր եղջերավոր անասնապահություն

Զովասարը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա: Գյուղական բնակչության հիմնական զբաղմունքը համարվում է անասնապահությունը, որտեղ նպատակահարմար է նաև զբաղվել ցլիկների բուծմամբ: Սակայն, այդ նպատակի իրագործման համար, տարածաշրջանի միայն բնական խոտհարքերը և արոտավայրերը բավարար չեն անասուններին լիարժեք և վիտամիններով հարուստ կերերով և նորմալ քաշաճ ապահովելու համար: Այս առումով անպայման մեծ ուշադրություն պետք է դարձվի նաև խտացված կերերով և սպիտակուցներով հարուստ խոտաբույսերով կերակրմանը:

Վերամշակում

Եթե տարածքը գազաֆիկացված է, իհարկե և՛ գնի, և՛ կենսառեսուրսների պահպանման, ինչպես նաև բարձր կալորականության իմաստով, ավելի նպատակահարմար է գազի կիրառումը: Եթե չկա նման հնարավորություն, ապա պետք է ընտրել այլընտրանքային վառելիք: էլէկտրաէներգիայի կիրառումը բավականին կմեծացնի ինքնարժեքը և ունի ավելի ցածր ՕԳԳ: Բավականին բարձր կալորականություն ունի քարածուխը: Փայտի ձեռք բերումը դժվար է և թանկ, սակայն նախընտրելի է բոխու փայտը, որը որպես վառելիք մինչև վերջ առանց մնացորդների այրվում է: Ըստ կալորականության բոխու փայտին հաջորդում է կաղնին, հետո միայն հաճարը և սոճին: Եթե վերամշակող գործարանը գտնվում է անասնապահական գոտում, ապա կարելի է օգտագործել նաև աթար: Հարկ է նշել, որ բավականին բարձր կալորականություն ունի փայըի թեփը, որը կարելի է բավական մատչելի գներով ձեռք բերել փայտագործական արհեստանոցներից, սակայն այս դեպքում պետք է մտածել հատուկ վառարանների տեղադրման մասին:

Փակ գրունտ

Մուլչապատում, մեխանիկական պայքար, հերբիցիդների կիրառում, սակայն վերջինս օրգանական արտադրության ժամանակ չի թույլատրվում: Որպես մոլախոտերի դեմ պայքարի օրգանական միջոց կարող եք օգտագործել քացախի մինչև 5-10 %-ոց լուծույթը այն դեպքում, երբ մոլախոտերը գտնվում են աճի և զարգացման վաղ փուլում: Կոկոնակալման և ծաղկման փուլում գտնվող մոլախոտերի դեմ պայքարում են օգտագործելով 10 % -15 %-ոց քացախաթթվի լուծույթ:
Հավանաբար գոմաղբը չի եղել լրիվ հասունացած: Հասունացած գոմաղբը պետք է լինի կոմպոստացված՝ այսինքն լինի հողանման և ունենա հաճելի հոտ: Դեղնության պատճառը հավանաբար գոմաղբն է եղել, քանի որ ռոկան կամ հայերեն՝ սորեկը, շատ զգայուն մշակաբույս է: Հնարավոր է նաև որ մշակության ժամանակ խոնավությունը եղել է շատ բարձր և ջրահեռացումը լավ չի կազմակերպվել:
gtcՀաճախ տրվող հարցեր